You are here: Home Blog Interviews Interviewed by Armtimes.com

Interviewed by Armtimes.com

E-mail Print

Մենակության հոգեվիճակ ունեցել եմ, երբ երկար տարիներ ապրել եմ արտերկրում. Աստղիկ Սաֆարյան

 


 Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել: Այն նկարահանված է Better Way ալբոմի «Alone» (մենակ) երգի հիման վրա: Խոսքերի ու երաժշտության հեղինակն ինքն է: Ինքն է նաեւ տեսահոլովակում ներկայացված կերպարների հեղինակը: Ռեժիսորն Արմեն Փիրիմասիհին է: Երգչուհին armtimes.com-ին տրամադրեց նկարահանման ընթացքում արված ֆոտոշարքը, ինչպես նաեւ խոսեց երգի բովանդակության մասին ու պատմեց, թե ինչու է հոլովակի համար ընտրել հենց այս ստեղծագործությունը:

«Երգն արդեն հասցրել էր սիրվել երկրպագուներիս կողմից: Բացի դրանից էլ նախքան տեսահոլովակներ նկարահանելը իմ սոցէջերում հարցում էի անցկացրել, եւ այս երգը ֆավորիտների շարքում էր: Այդպես որոշվեց, որ «Alone»-ը պետք է ունենա տեսահոլովակ: Երգում ներկայացվում է երկու տեսակետ. մի կողմից, երբ մարդը, որը բնույթով լինում է միասեր եւ պերֆեկտցիոնիստ, նախընտրում է լինել մենակ, քան մեկի հետ, ում այդքան էլ չի սիրում, բայց մյուս կողմից էլ երգում ասվում է, որ կարելի է դուրս գալ այդ պատրանքից, շուրջը նայել, եւ կտեսնես, որ կան մարդիկ, որոնք քեզ նման առանց քեզ նախընտրում են լինել մենակ: Հենց միայն դրա համար միգուցե պետք է նկատել նման մարդկանց, ովքեր միշտ կողքիդ են եւ պատրաստ են պայքարել միայն թե արժանանան քո սիրուն»,- ասաց նա:

Երբ երգիչները նման թեմաներով ստեղծագործություններ են ներկայացնում, հարց է առաջանում՝ որքանով են դրանք համահունչ նրանց հոգեվիճակին: Աստղիկը խոստովանում է, որ իր կյանքում եղել են պահեր, երբ մենակություն զգացել է: Հենց այդ պահերն էլ վերածվել են երգի:

«Այն ոչ թե միայնության, այլ ավելի շատ մենակության մասին է: Մենակության հոգեվիճակ ունեցել եմ, երբ երկար տարիներ ապրել եմ արտերկրում, լիովին օտարության մեջ։ Հենց այդ ժամանակ էլ ծնվել է այս երգի միտքը, որն ինձ առիթ տվեց ավելի խորը մտածել այս թեմայով, եւ հասկացա, որ այն շատ ավելի խորն էր, քան թվում էր։ Հասկացա, որ սա եւս կարեւոր թեմա է, որին արժե անդրադառնալ եւ խոսել դրա մասին երգի միջոցով»,- ասաց նա:

 

«Alone»-ը 2 այլ տեսահոլովակների հետ միասին նկարահանվել է 2017 թ.: Դրանցից մեկը՝ «Ստանդարտը», հանդիսատեսի դատին է հանձնվել անցած տարի: «Alone»-ը նույնպես Աստղիկի լսարանը պետք է տեսներ 2017-ին, սակայն որոշ գործերի պատճառով պրեմիերան հետաձգվել է:  

«Ընթացքում արվեցին նաեւ այլ կարեւոր աշխատանքներ, ինչը ստիպեց սպասել։ Բայց երեկ (խմբ. ապրիլի 4-ին) այն արդեն հանձնեցի իմ լսարանին, եւ արդեն բազմաթիվ լավ, դրական արձագանքներ եմ ստանում: Մյուս աշխատանքը ներկայացնելուց առաջ շատ չեմ սպասեցնի, եւ կլինեն նաեւ այլ անակնկալներ»,- ասաց նա:

Աստղիկ Սաֆարյանը երաժշտության հետ կապված նոր ծրագրեր ունի, որոնք ներկայացնելու է ժամանակի ընթացքում: Նաեւ անընդհատ աշխատում է իր ACO ապրանքանիշի վրա, նոր հավաքածուներ ներկայացնում:

 

 

Popular

My Twitter Updates